AM
23 January 2025 - 10:00 AMT

ԱԽ քարտուղար․ Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող սպառնալիքներին, նշել է, որ Հայաստանի մոտեցումը կոնկրետ հարցերին հստակ ձևակերպված է։

«Բոլոր հարցերով մենք առաջարկել ենք մոտեցումներ։ Մենք շարունակում ենք այս ուղղությամբ շարժվել, և խաղաղության օրակարգը շարունակում է մեր առաջնահերթությունը մնալ։ Մենք խաղաղություն չենք խնդրում, մենք առաջարկում ենք խաղաղ լուծումներ գոյություն ունեցող բոլոր հարցերին», ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։

Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում Ադրբեջանին ներկայացվել են առաջարկություններ, և այժմ սպասում են նրանց պատասխանին։

«Այդ երկու հոդվածի մասին է, որոնց շուրջ վերջնական համաձայնության չենք եկել։ Այդ երկու հարցը հրապարակային է, դրանց մասին խոսել ենք։ Դրանց մասով, հուսով ենք, լուծումներ կգտնենք»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։

Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։