AM
23 January 2025 - 10:41 AMT

ԱԺ–ն ընդունել է քաղաքացիության գործընթացների տուրքերի փոփոխման և թվայնացման նախագծերի փաթեթը

ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Այն Ազգային ժողովում ներկայացրել էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Ըստ նոր կարգավորման՝ փոփոխվում են քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը, առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ:

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը՝ սահմանելով 50,000 և 150,000 դրամ՝ համապատասխանաբար 1000 և 25,000 դրամի փոխարեն:

Հ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից կազատվեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձինք:

Փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորություն: Այս պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառելու է դիմումատուի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, ինչից հետո միայն դիմումատուն հնարավորություն է ստանում հերթագրվել, փաստաթղթերն անձամբ ներկայացնել լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Հնարավորություն է ընձեռվում նաև քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն և այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով, հայտնում է ՆԳՆ–ն։

Ակնկալվում է, որ էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաև վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման և դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին, հարցումները ստանալու և դրանց պատասխանելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ինքնաշխատ կերպով:

Նախատեսվում է նաև էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով` կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն: