AM
23 January 2025 - 11:03 AMT

ՔՊ–ական․ Ադրբեջանի հետ երկխոսությունը շարունակվում է՝ շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն խորհրդարանական ճեպազրույց, պատասխանելով այն հարցին, թե ինչն է խանգարում ներկայում որևէ ֆորմատով Ադրբեջանի հետ բանակցություններ վարել, ասել է, որ բանակցվություններն ընթանում են երկկողմ ձևաչափով։

«Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ երկկողմ ֆորմատով։ Կա Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ»,-ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ տարբեր միջազգային հարթակներում, երբ որ ներկա են ադրբեջանցի պաշտոնյաներ, հանդիպումներ են տեղի ունենում։

«Այսինքն քննարկումները բազմակողմանի են, և մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները խաղաղության օրակարգն առաջ տանելու համար»,–ասել է նա։

Նա հավելել է, որ բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չի ուզում որևէ բան բացառել։

«Մենք ասել ենք, որ այն հարթակները, որտեղ կհարգվեն ՀՀ սուվերենության շահերից բխող սկզբունքները, մեզ համար ընդունելի են։ Չենք ֆիքսվում կոնկրետ մեկ հարթակի վրա, որովհետև, կարծում ենք, նաև փորձն է ցույց տալիս, որ մեկ հարթակում այդքան էլ արդյունավետ չեն եղել մինչ այժմ եղած քննարկումները։»,- ասել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։

Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։