Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը, որը գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո, ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը։ Այդ մասին հայտնել է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ բացատրելով, որ ծննդատան փակման պատճառ են դարձել ֆինանսական խոչընդոտները, սակայն այն վերագործարկելու հանձնարարական կա, հայտնում է Արմենպրեսը։
Կարապետյանը հավելել է, որ ՀՀ առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում իրականացվող ծննդատների մակարդակների վերանայման ծրագրի ընթացքում «Քանաքեռ-Զեյթունի ծննդատանը» հայտնաբերվել են խախտումներ, որոնց հիմքով էլ դադարեցվել է գործունեությունը։
«Ծննդատունը 2020 թվականից գտնվել է հավատարմագրային կառավարչի պատասխանատվության ներքո, սակայն 2022-ից կառավարչի պարտավորությունները չեն կատարվել, ինչի հետևանքով քաղաքապետարանը նախաձեռնել է պայմանագրի խզման գործընթաց։ Դատական գործը, որն ավարտվել է 2024 թվականի ապրիլի 29-ին, հանգեցրել է վերահսկողության վերադարձին քաղաքապետարանին՝ սկսած մայիսի 1-ից»,- ասել է նա։
Կառավարության որոշմամբ հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով հիմնարկի գործունեությունը պաշտոնապես դադարեցվել է։
Կարապետյանը նշել է, որ այս ընթացքում ծննդատունը եղել է վնասով աշխատող կառույց՝ կուտակելով աշխատավարձերի պարտքեր։ Աուդիտի անցկացումը նույնպես հնարավոր չի եղել, քանի որ հավատարմագրային կառավարչի կողմից ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել։
«Մենք դիմել ենք դատախազություն, բայց այնտեղից ուղարկել են դատարան։ Այժմ արդեն դատարանի դիմելու գործընթացում ենք»,- պարզաբանել է նա։
Վարչության պետը շեշտել է, որ ծննդատան գործունեության կասեցման պատճառով հարկադիր պարապուրդի են անցել 58 գրանցված աշխատակիցներ, ովքեր ստացել են իրենց աշխատավարձերը և կուտակված վերջնահաշվարկը։ Նրա խոսքով՝ ներկայում քաղաքապետարանի որևէ պարտավորություն տվյալ հիմնարկի նկատմամբ այլևս գոյություն չունի։
«Ներկայումս ինձ հանձնարարված է ծննդատան վերաբացումը, սակայն դրա համար անհրաժեշտ են մի շարք ծրագրերի իրագործումներ, որոնք դեռևս քննարկման փուլում են։ Մենք չէինք կարող շարունակել որևէ գործընթաց՝ առկա պարտքերի և բողոքների ֆոնին։ Որոշ աշխատակիցներ դեռևս ունեն աշխատավարձի պարտքեր, բայց դա քաղաքապետարանի պարտավորությունը չէ. նրանք աշխատել են հավատարմագրային կառավարչի հետ, և այդ աշխատավարձերի վճարման հարցով պետք է դիմեն դատարան»,- նշել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ քաղաքապետարանը ներկայումս իրավաբանների հետ մշակում է բոլոր անհրաժեշտ նյութերը, որպեսզի դատարանով պահանջի հավատարմագրային կառավարչի կողմից չկատարված պարտավորությունները։