Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ՝ նշելով, որ ՄԻԵԴ որոշման հիմքում այն հիմնավորումն է, որը բազմիցս բարձրաձայնվել է միության կողմից։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է որոշում, որով արձանագրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի գործով արդար դատաքննության իրավունքի խախտում:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի լիազորությունները դադարեցված դատավոր՝ դիմումատու Սուրեն Անտոնյանի գործով որոշում է հրապարակել՝ գտնելով, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում:
Մասնավորապես, ՄԻԵԴ-ը գտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարողացել փարատել դիմումատուի՝ Սուրեն Անտոնյանի հիմնավոր կասկածները՝ ԲԴԽ նախագահի անաչառության հետ կապված և որ դիմումատուին այդ առումով բավարար դատավարական երաշխիքներ չեն տրամադրվել»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ 2023 թվականի հունվարի 26-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ և անդամներ Հայկ Գրիգորյանի, Երանուհի Թումանյանցի, Նաիրա Հովսեփյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի, Վիգեն Քոչարյանի ու Սերգեյ Չիչոյանի մասնակցությամբ, բավարարել էր Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Արդյունքում դադարեցվել էին նրա լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:
«Հարկ է ընդգծել, որ ԲԴԽ-ում գործի քննության ընթացքում Սուրեն Անտոնյանը դիմել էր Կարեն Անդրեասյանի նկատմամբ բացարկի միջնորդությամբ՝ հայտարարելով, որ Անդրեասյանը չի կարող գործը քննադատել անաչառ կերպով: Դիմումատուն պնդել էր, որ Կարեն Անդրեասյանը տնտեսական և ֆինանսական կապեր ունի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Այնուամենայնիվ, այս միջնորդությունը մերժվել էր: Այսպիսով, որոշման հիմքում տեղ գտած փաստարկներն արդեն իսկ բազմիցս արծարծվել են Դատավորների միության կողմից»,–ասվում է հայտարարության մեջ։