AM
24 January 2025 - 10:31 AMT

Ղազարյան․ Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է

Միջազգային իրավունքի մասնագետ, փորձագետ Արա Ղազարյանը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ որոշմանը, ասել է, որ վճիռը լուրջ ազդանշան է։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է որոշում, որով արձանագրվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի գործով արդար դատաքննության իրավունքի խախտում:

Ղազարյանը նշել է, որ ՄԻԵԴ-ը տեսել է կրկնվող գործերի շարան և հասկացել, որ անհրաժեշտ է վերացնել այդ խախտումների օջախը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Սա առաջին ազդանշանն է, հետո նոր ազդանշաններ են գալու, արդեն՝ առավել այլ հիմքերով, լայն շրջանակներով»,–ասել է նա։

Նա հավելել է, որ դատարանն արձանագրել է արդար դատաքննության իրավունքի խախտում։ Մասնագետի կարծիքով, Սուրեն Անտոնյանի գործը պետք է կրկին քննվի՝ զրոյից։

«Դատական ակտն վերաբերում է դատավարության ընթացքին և ոչ թե վեճի բովանդակությանը։ Այդ իսկ պատճառով, գործը վերաբացվելուց հետո նոր դատավարություն պետք է իրականացվի»,- մանրամասնել է Ղազարյանը։

Անդրադառնալով ԲԴԽ անդամների հնարավոր պատասխանատվությանը՝ Ղազարյանը նշել է, որ դա հարցական է։ Նա ընդգծել է, որ թեև առկա են գործադիր իշխանության միջամտության կասկածներ, պատասխանատվության հարցի բարձրացումը քիչ հավանական է։

Նշվել է, որ ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ Կարեն Անդրեասյանի և արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջև առկա տնտեսական և ընկերական կապը կասկածի տակ է դնում դատական գործընթացի անաչառությունը։ Այս հանգամանքը, ըստ Ղազարյանի, կարող է հիմք դառնալ նաև այլ գործերով խախտումների բացահայտման համար։

Ղազարյանը նաև նշել է, որ ԲԴԽ-ում վերջին շրջանում որոշակի մեղմացումներ են նկատվում, հատկապես՝ Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո։

Ամփոփելով՝ Արա Ղազարյանը ՄԻԵԴ վճիռը ողջունելի է գնահատել՝ նշելով, որ սա արագ և կարևոր որոշում էր։