AM
25 January 2025 - 06:22 AMT

Փաստաբան․ Նվեր Ծառուկյանը երբեք չի խուսափել քննությունից՝ նա գործուղման մեջ է

Հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը երբեք չի խուսափել քննությունից և առաջիկայում կվերադառնա Հայաստան։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա հավելել է, որ Ծառուկյանը գործուղման մեջ է։

«Լրատվամիջոցներում այսօր տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե իբրև Նվեր Ծառուկյանը թաքնվում է քննությունից, որի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։

Տեղեկացնում ենք, որ Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից, այլ դեռևս 2024թվականի հոկտեմբերի 24-ի համապատասխան արձանագրությամբ, որը կայացվել է մինչև ենթադրյալ դեպքը տեղի ունենալը, իսկ այնուհետև հոկտեմբերի 28–ին մինչ քրեական վարույթ նախաձեռնելը նա, որպես ընկերության հիմնադիր, գործուղվել է ՀՀ-ից, ներկա պահին նրա գործուղումը շարունակվում է և ավարտվելուց հետո՝ 5-10 օրվա ընթացքում Նվեր Ծառուկյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն քննությանն անձամբ մասնակցելու նպատակով։

Նվեր Ծառուկյանի գործուղման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող բոլոր անձինք ներկայացել են վարույթն իրականացնող մարմին և դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատարան է հանձնվել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի (խմբ․՝ Նվեր Ծառուկյանի) անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Նվեր Ծառուկյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, նրա նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: