AM
27 January 2025 - 09:47 AMT

Փաշինյանը՝ Մոդիին․ ՀՀ-Հնդկաստան հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ` վերահաստատելով երկրների միջև համագործակցության ամրապնդման անսասան հանձնառությունը

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի միջոցով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները»,- նշել է Փաշինյանը։

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Պատմական այս օրն անկյունաքարային նշանակություն ունի Հնդկաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես անկախության հիմնարար արժեքների և սկզբունքների ամրագրման կարևոր հանգրվան»,- ասված է Փաշինյանի ուղերձում։

Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ ձևավորված ավանդական հարաբերությունները, որոնք խարսխված են քաղաքակրթական ընդհանուր արժեքների, փոխադարձ վստահության և հարգանքի վրա։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված քայլերը կբացահայտեն համագործակցության նոր հորիզոններ։

Վարչապետն իր խոսքի ավարտին մաղթել է Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի ժողովրդին շարունակական առաջընթաց, խաղաղություն և բարօրություն։