Հունվարի 26-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, Հայոց բանակի օրվա առիթով Սուրբ և անմահ Պատարագից հետո իրականացվել է Հանրապետական մաղթանք: Այդ ընթացքում հոգևորականները և արարողությանը ներկա ժողովուրդը միասնական աղոթք են հղել առ Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ և անվտանգ ծառայություն շնորհի զինվորներին ու սպաներին, պահպանի հայրենիքի սահմաններն անսասան և իր խնամքի ներքո պահի համայն հայ ժողովրդին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։
Սրբազան արարողությանը մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ սպաներ, կուրսանտներ ու զինծառայողներ, ինչպես նաև ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ։
«Հիշենք մեր այն նահատակներին, ովքեր զինվորական երդմանը հավատարիմ, պատերազմների, մարտական գործողությունների ժամանակ դրսևորեցին բացառիկ քաջություն ու անձնազոհություն՝ իրենց նահատակությամբ փրկելով կյանքեր՝ համաձայն Տիրոջ խոսքի, թե «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհ. 15:13)։
Հայրենիքի անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու փրկարար առաքելությունն իրականացնելու համար յուրքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված, որ փոխանցվում է մեր Սուրբ Եկեղեցու միջոցով։ Քրիստոնյա զինվորի համար հայրենասիրությունն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումն է»,- ասվել է քարոզում։
Արարողության ավարտին Մովսես վարդապետ Սարգսյանը շնորհավորել է բոլորին Բանակի օրվա առիթով՝ հայցելով Տիրոջ զորակցությունը Հայոց բանակի զինծառայողներին՝ հանուն ազգային նպատակների իրականացման և գալիք հաղթանակների։
Հայոց բանակի օրը նշվում է հունվարի 28–ի։






