Օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը՝ պետությանը կվերադարձվի մոտ 750,000 դոլար արժողությամբ 2 գույք և 190,000 դոլար։
Վճռով Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Երևանի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (մոտ 750 հազար դոլար), ինչպես նաև 56 միլիոն 667 հազար դրամ (մոտ 141 հազար դոլար ) և 50 հազար եվրո:
Սուրեն Գաբրիելյանը մեղադրանքի առաջադրման ժամանակ գործարար է եղել, նախկինում զբաղեցրել է կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության կենտրոնի պետի պաշտոնը:
Գլխավոր դատախազությունում Սուրեն Գաբրիելյանին պատկանող գույքերի առնչությամբ ուսումնասիրությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին: Հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել 2023 թվականի ապրիլի 17-ին: Դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր: