«Երկրապահ» կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը Եռաբլուր պանթեոնում խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, որ այս օրը պետք է նվիրել Բանակի տոնին։ Նա շեշտել է, որ այս փուլում անհրաժեշտ է զերծ մնալ ավելորդ հռետորաբանությունից և կենտրոնանալ ընթացիկ գործընթացների վրա։
«Էսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, էսօր բանակցությունները մտել են դիվանագիտական փուլ, նորմալ ընթանում են։ Էսօր դուխով խոսքը խելոք մնալն է, գաղափարապես խելոք լինենք, որ էս ընթացքն անցնի»,- ասել է Միքայելյանը, հայտնում է «Առավոտը»։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Վազգեն Սարգսյանը ժամանակին ամեն ինչ արել էր, որ ԵԿՄ-ն չքաղաքականացվի, իսկ ինքը ներկայում հանդիսանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ, Միքայելյանը պատասխանել է, որ հարցազրույց չի տալիս։
«Էս մի օրը մեր օրն է, մի քաղաքականացրեք, հարցազրույց չեմ տալիս, դա իմ իրավունքն է»,–ասել է նա։
Միքայելյանը նշել է, որ սահմանազատման գործընթացից հետո ամեն ինչ ավելի պարզ կդառնա, և անհրաժեշտ է, որ թշնամին հետ քաշվի մեր դիրքերից, գրում է Auroranews.am-ը։
«Հոխորտալով ու մեծ-մեծ խոսալով չի, պիտի խելոք մնանք և այս իրավիճակից դուրս գանք։ Ի՞նչ անեմ, հելնեմ ասեմ մտնենք Մուշ, Սասուն, Արդահան։ Գաղափարապես խելոք լինենք, որ այս իրվիճակն անցնի, ավել բառեր չասենք, բանակցություններ են ընթանում»,- ընդգծել է Միքայելյանը։
Հունվարի 28-ին նշվում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը։