Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործը ուղարկվել է դատարան։ Այդ մասին ասվում է նրա փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Արմեն Անդրիկյանի հայտարարության մեջ։
«Այս փուլում միանշանակ հաստատվել է պաշտպանական թիմի այն պնդումը, որ Տիրան Խաչատրյանը ապօրինի է կալանավորվել դատարանի կողմից։ Այսպես, Տիրան Խաչատրյանի կալանավորումը նախաքննական մարմնի և դատարանի կողմից հիմնավորվում էր ակտիվ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ, սակայն փաստացի առանց դրանց կատարման` ընդամենը 20 օր հետո գործը ուղարկվեց դատարան։
Չնայած նրան, որ քրեական վարույթի քննությունը ընթացել է 4 տարի, Տիրան Խաչատրյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործության մեջ, 4 տարուց ավել տևող քննությանը Տիրան Խաչատրյանը որևէ կերպ չի խոչընդոտել, մոտ են սույն գործի վաղեմության ժամկետների անցնելը և այն, որ այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում` դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ Տիրան Խաչատրյանն արդեն 24 օր գտնվում է ապօրինի կալանքի տակ»,–ասվում է հայտարարության մեջ։
Պաշտպանական կողմը պնդելու է, որպեսզի սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով՝ ապահովելով դատավարության հրապարակայնությունը, որպեսզի հանրությունը նույնպես տեղեկացվի իրականության մասին։
«Ինչ վերաբերում է Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին, ապա այժմ, երբ նախաքննությունն ավարտված է և գործի բոլոր նյութերը պաշտպանական կողմի տրամադրության տակ են, կարող ենք վստահ պնդել, որ ոչ միայն չի հիմնավորվել Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը, այլ հակառակը՝ հենց վարույթի նյութերում առկա ապացույցներով էլ հերքվում է այն»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Արցախյան բոլոր պատերազմների մասնակից գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հունվարի 4-ից ապօրինաբար զրկված է ազատությունից, և նրա նկատամբ կալանքը կիրառվել է որպես «իր քաղաքական և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը ճնշելու և նրան պատժելու գործիք»։