Հունվարի 31-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու հարցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։
Միևնույն ժամանակ, գործող բոլոր տոմսային փաթեթները, այդ թվում՝ 300 դրամանոց 180 րոպեով տևող տարբերակը, կշարունակեն լինել փաթեթների շարքում։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ 300 դրամը մեկ ուղևորության արժեքը չէր, այլ ընդամենը երեք տեղփոխով տարբերակի կամ զբոսաշրջիկների համար էր, իսկ ընդդիմության նպատակը ձեզ մոլորեցնելն էր»,–ասվում է գրառման մեջ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Երևանում գործելու է նոր ուղևորատոմս, որի արժեքը կկազմի 150 դրամ մեկ ուղևորության համար։ Այն գործելու է 2025 թվականին։ Նա հավելել է, որ հաջորդ տարիներին գինը կարող է բարձրանալ առավելագույնը 10 դրամով՝ յուրաքանչյուր տարվա համար։
«Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմը բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ։ Նրանք առաջարկում են նոր սակագնային փաթեթները պահպանելու հետ միասին հնարավորություն տալ ուղևորներին նաև մեկ ուղղության համար վճարել 100 դրամ։ Մարությանը կոչ է արել փետրվարի 1–ից բոյկոտել ուղեվարձի թանկացումը՝ 100 դրամ վճարել և իջնել։