AM
29 January 2025 - 11:31 AMT

Վանաձորի նախկին քաղաքապետը մեղավոր է ճանաչվել

Հակակոռուպցիոն դատարանը հրապարակել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատավճիռը՝ նրան մեղավոր ճանաչելով պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով համայնքի հողերը օտարելու համար։

Դատարանի որոշմամբ, Ասլանյանը դատապարտվել է 4 տարի 4 ամսվա ազատազրկման։ Դրանից առաջ նա արդեն 2 տարի 7 ամիս անազատության մեջ է գտնվել՝ մինչ խափանման միջոցի փոփոխությունը գրավի դիմաց, հայտնում է «Ազատությունը»։

Ավելի վաղ նա ազատ էր արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։

Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ իր պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը, հայտնում է Aysor.am-ը։

«Ցանկացած դեպքում պետք է բողոքարկենք դատարանի որոշումը։ Մեծ հաշվով, այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունեինք։ Մարդու մոտ հաճախ խղճահարություն ու նողկանք է առաջանում այս գործընթացներին հետևելիս։ Քանի ներհայաստանյան դատական ատյանները չեն սպառվել, պետք է բողոքարկենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ասլանյանը։

Դատարանի որոշմամբ՝ հաշվի առնելով նրա արդեն կալանքի տակ անցկացրած ժամկետը, Ասլանյանը դատապարտվել է 1 տարի 9 ամսվա ազատազրկման։

Ասլանյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ տեղական ինքնակառավարման ընտրություններում իր ղեկավարած դաշինքի հաղթանակից կարճ ժամանակ անց։ Նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերաբերում է պաշտոնավարման տարիներին փաստաթղթերի կեղծմամբ Վանաձորի հողերի օտարմանը։ Նույն գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել նաև նրա երկու ենթականերին՝ համայնքի գլխավոր ճարտարապետին և իրավաբանին, որոնք ավելի վաղ ազատ էին արձակվել ստորագրությամբ։ Ասլանյանն իր դեմ հարուցված քրեական գործը բազմիցս որակել է քաղաքական հետապնդում։