AM
29 January 2025 - 12:10 AMT

Նախագիծ․ e-draft-ում հանրային քննարկումների գործընթացը բարելավելու փոփոխություններ կարվեն

Փոփոխություններ են նախատեսվում e-draft հարթակում հանրային քննարկումների գործընթացը բարելավելու համար։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է հարթակում։

Որոշ նախագծեր դեռևս մշակման փուլում կներկայացվեն հասարակությանը, ինչը կօգնի հանրությանը նախապես ներգրավվել քննարկումներում։

Ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կունենան գրանցվել e-draft հարթակում՝ տրամադրելով իրենց հիմնական տվյալները և ներկայացնելով առաջարկներ ինչպես ամբողջական նախագծերի, այնպես էլ դրանց առանձին դրույթների վերաբերյալ, հայտնում է Արմենպրեսը։

Օգտատերերին կտրամադրվի «հավանել» կամ «չհավանել» իրենց առաջարկների պատասխանները, իսկ առավել ակտիվ մասնակիցները կստանան միավորներ, որոնք կարտացոլվեն աստղային գնահատման համակարգում։

Նախատեսվում է, որ իրավական ակտերի միասնական կայքում տեղադրվող նախագծերի կողքին նշվեն նաև դրանց առնչվող այլ փաստաթղթեր՝ ապահովելով ամբողջական պատկերացում, իսկ հանրային քննարկումներ իրականացնող մարմինները պարտավոր կլինեն պարբերաբար թարմացնել իրենց կողմից հրապարակված նախագծերի կարգավիճակը և պատասխանատու անձանց տվյալները։

Նախագծերի հեղինակները պարտավորվելու են պատասխանել միասնական հարթակում անպատասխան թողած առաջարկներին՝ ստանալով հիշեցումներ ադմինիստրատորից։