Շիրակի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը կարծիք է հայտնել, որ դեմոկրատիան Հայաստանի համար կարող է առավել վնասակար լինել, քան օգտակար։
Նա հավելել է, որ ամեն մարդ չպետք է ընտրության իրավունք ունենա՝ այն անգիտակից մասսան, որը 4 գիրք չի կարդացել, ըստ նրա, չի կարող մասնակցել ընտրության, հայտնում է Aravot.am-ը։
«Դեմոկրատիան դարձրել եք գերագույն բարիք, այնինչ այն գերագույն չարիք է, մանավանդ այսպիսի երկրների ու ազգերի համար, որոնք այդ դեմոկրատական արժեքների համար այդ հասունությունը չունեն։
Մեր երկրում իշխում է օխլոկրատիան, ամեն մարդ չպիտի ունենա ընտրության իրավունք, մի պարզ օրինակ բերեմ՝ 95 տարեկան մարդը, որը գիտակից չէ, գիտակցությունը կորցրած է, զառամախտի մեջ է, այդ խեղճ մարդու ընտրությունն ի՞նչ պետք է լինի։ Սա ամենապարզ օրինակն է, իսկ այն անգիտակից մասսան, որը 4 գիրք չի կարդացել, ընդհանրապես իրեն ոչինչ չի հետաքրքրում, նրան ընտրության թողնելը ո՞րն է։
Հիմա կասեն Սրբազանն այս ինչ հակադեմոկրատական բան է ասում, ես չեմ հավատում դեմոկրատիային, դեմոկրատական ազատությունը ինձ թույլ է տալիս չհավատալու դեմոկրատիային։ Չեմ հավատում, և դեմոկրատիան վարի տվեց այս երկիրը»,–ասել է նա։
Նրա համոզմամբ՝ իշխանությունը պետք է ձևավորվի ոչ թե մեծամասնության ձայներով, այլ ըստ արժանիքի։
«Պիտի լինի ոչ թե դեմոկրատական իշխանություն, այլ մերիտոկրատական իշխանություն, ոչ թե մի խաժամուժ պիտի գա, ձայների մեծամասնությամբ կազմի կառավարություն, այլ կառավարությունը պիտի լինի՝ ըստ արժանիքի։
Եվ այս կուսակցականացումը պիտի վերացվի այս երկրից, այսինքն կուսակցություններ կարող են մնալ, ես չեմ ասում կուսակցությունները պիտի արգելվեն, թող մնան, բայց այնքան պարապ մնան, որ հասկանանք՝ ավելորդ են։ Կուսակցականացումը պետական իշխանության ու կառավարության ձևավորման, պիտի իսպառ վերացվի, անհատները պիտի ի հայտ գան ու երևա, թե ամեն մեկը ինչ կարող է անել, այլապես կուսակցականացած սկզբունքով կլինի սա, ինչ-որ եղել է»,–ասել է սրբազանը։
Նա քննադատել է անփորձ ու անգրագետ անձանց՝ առանց ոլորտային գիտելիքների ղեկավար պաշտոններ զբաղեցնելու երևույթը՝ շեշտելով, որ վերջին երեք տասնամյակի փորձը ցույց է տվել, որ ժողովրդավարական կառավարման համակարգը Հայաստանում չի գործում։
«Անգրագետ, դիլետանտ մարդիկ գալիս են, ինչ-որ ասպարեզներ են ղեկավարում՝ դրանից ոչինչ չհասկանալով, այլ ընդամենն այդ պարարտ ժամանակն օգտագործելով սեփական բարիքի համար»,–ասել է նա։
Անդրադառնալով եկեղեցու կառավարման սկզբունքներին՝ նա նշել է, որ եթե այնտեղ էլ դեմոկրատական ընտրություններ անցկացվեին, կառույցը չէր կարող պահպանվել 1700 տարի։