Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը, անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի հետ կապված խնդիրներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տրանսպորտային փաթեթների առաջարկվող փոփոխությունները կարծիքի չեն ուղարկվել ընդդիմադիր ամենամեծ խմբակցություններին։
Նա հավելել է, որ դրանով իշխանությունը պարզ ցույց է տալիս, որ ավագանու քվեարկությունը ֆիկտիվ է։
«Փաթեթը քնեց, արթնացավ ու որոշեց դառնալ 1500 դրամ))))) Շտապ, սակագների որոշումը դուրս է եկել ավագանու տիրույթից և ինչքան ուզում` դառնում է։
Իշխանությունը պարզ ցույց է տալիս, ժողովուրդ ջան, որ ավագանու քվեարկությունը ֆիկտիվ է, որոշումները կայացվում են այլ տեղ, այլ եղանակով։ Իսկ դա նշանակում է, որ արժեզրկել են քաղաքացու քվեն, որը երևանցին իրացնում է իր ընտրած ավագանու խմբակցության միջոցով։
Տեղյակ եղեք նաև, որ տրանսպորտային փաթեթների այս րոպեն մեկ փոփոխությունները կարծիքի չեն ուղարկվել ընդդիմադիր ամենամեծ խմբակցություններին։
Փոխարենը մեր կարծիքին են ուղարկում հուշաքարի տեղադրումը։
Ու սա անում է մի ուժ, որը չի ստացել երևանցիների մեծամասնության քվեն։ Ինստիտուտ չմնաց, որ քանդեն»,–գրել է նա։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշել է, որ հնարավորություն է ստեղծվում փորձարկելու տոմսային փաթեթները և զգալու դրանց արդյունավետությունը։ Նա նաև ասել է, որ 10 անգամյա փաթեթը կարժենա 1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն։