AM
30 January 2025 - 10:19 AMT

«Մեծամորի» ԲԿ-ում ֆինանսական խնդիրները կլուծվեն ծառայությունների կրճատմամբ

Կառավարության հունվարի 30–ի որոշմամբ նախատեսվում է դադարեցնել «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի այն ծառայությունները, որոնք չեն ապահովում եկամտաբերություն, ինչպես նաև օպտիմալացնել կազմակերպության կառուցվածքը՝ համապատասխանեցնելով այն ներկա զբաղվածության մակարդակին։

Այս միջոցառումները նպատակ ունեն կանխել հավելյալ ծախսերի առաջացումը։

2024 թվականի նոյեմբերի 20-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնն ունեցել է մոտ 80 միլիոն դրամ պարտք։ Նոյեմբերի 26-ին կառավարությունն աջակցել է հաստատությանը՝ տրամադրելով մոտ 75 միլիոն դրամի դրամաշնորհ։ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ֆինանսական պարտավորությունների մնացորդը կազմել է 7․5 միլիոն դրամ, որից 5․6 միլիոնը՝ Արհմիության անդամավճարներին վերաբերող գումար, հայտնում է «Հետքը»։

Արմավիրի մարզպետի աշխատակազմի փոխանցմամբ՝ պարտավորությունների կուտակումը սկսվել է դեռևս 2014 թվականից, սակայն ֆինանսական ճգնաժամն ավելի է խորացել վերջին տարիներին տեղի ունեցած որոշ փոփոխությունների հետևանքով։ Մասնավորապես, 2021 թվականին առողջապահության նախարարությունը դադարեցրել է վերակենդանացման ծառայության և գինեկոլոգիական վիրահատությունների պետական պատվերը, ինչը հանգեցրել է կենտրոնի ամսական եկամուտների մոտ 2 միլիոն դրամով նվազման։

Բացի այդ, 2024 թվականի հունվարին դադարեցվել է նաև վարակիչ հիվանդությունների մանկական բուժօգնությունը, ինչը կենտրոնին բերել է մոտ 20 միլիոն դրամի վնաս։

Հաստատության տեխնիկական բազան երկար տարիներ չի թարմացվել։ Բացման օրվանից ի վեր այստեղ տեխնիկական վերազինում չի իրականացվել, և 1984 թվականին արտադրված միակ ռենտգեն սարքը վերանորոգման ենթակա չէ։ Արմավիրի մարզպետի աշխատակազմն ընդգծել է նաև աշխատավարձերի վերանայման անհրաժեշտությունը, ինչպես նաև շենքային պայմանների՝ մաշված դռների ու պատուհանների անմխիթար վիճակը։

Ներկայումս բժշկական կենտրոնում աշխատում է 169 մարդ, որոնցից 44-ը բարձր որակավորում ունեցող բժիշկներ են։ Մարզպետարանի գնահատմամբ՝ կառույցն արդեն ապացուցել է իր կարևորությունն ու մրցունակությունը։ Կենտրոնի թերապևտիկ, մանկական և ինֆեկցիոն բաժանմունքները գործում են լիարժեք ծանրաբեռնվածությամբ՝ ապահովելով շահութաբեր գործունեություն։