AM
31 January 2025 - 10:33 AMT

Փետրվարի 1-ից մեկ ուղևորությունը՝ 150 դրամ. Ավագանին հաստատել է

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով հանրային տրանսպորտում մեկ ուղևորության սակագինը սահմանվել է 150 դրամ։ Նախատեսվում է նաև ներդնել միասնական տոմսային համակարգի փաթեթներ, որոնք կգործեն նոր պայմաններով։

«Սիրելի երևանցիներ, այսօր ավագանին ընդունում է մի որոշում, որը դուք եք մեզնից պահանջել և որը դուք եք մեզ պարտադրել», – ավագանու արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որտեղ քննարկվել է տրանսպորտի սակագնի հարցը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա կարծիքով՝ ավագանու այս որոշումը կարևոր քայլ է։

«Ես այստեղ որևէ տեսակի հետքայլ կամ ամոթալի բան չեմ տեսնում, որովհետև ժողովրդավարության ամենակարևոր գործոններից մեկն այն է, որ իշխանությունը լսի իր ժողովրդին և այդ պահանջները շատ դեպքերում կատարի»,-ասել է Ավինյանը։

Նա հավելել է ընձեռվում է հնարավորություն անսահմանափակ փաթեթներն ավելի մատչելի ձևով կիրառելու համար։

«Վստահ եմ` այդ փաթեթները երևանցիներին տալու են տրանսպորտից օգտվելու նոր տեսակի տրամաբանություն և շատերը տրանսպորտից սկսելու են օգտվել տեղփոխներով։ Ինչո՞ւ ենք ասում՝ մեկ ուղևորափոխադրության արժեք, որովհետև դրան ենք սովոր, այլ քաղաքներում մարդիկ չեն մտածում մեկ ուղևորափոխադրությամբ, մարդիկ մտածում են, թե ինչ է նստում իրենց վրա տարեկան կամ ամսական փաթեթը։

Ընդդիմության մեր գործընկերները նպատակ ունեն ժողովրդի հետ մեր կապը կտրել։ Սիրելի ժողովուրդ, իրականում մենք ծառայում ենք ձեզ։ Որ վայրկյանին մեր ծառայությունը ձեզ չբավարարի, դուք վստահ եղեք, մենք այստեղ չենք լինի»,-նշել է Ավինյանը։

«Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմը բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ։ Նրանք առաջարկում են նոր սակագնային փաթեթները պահպանելու հետ միասին հնարավորություն տալ ուղևորներին նաև մեկ ուղղության համար վճարել 100 դրամ։ Մարությանը կոչ է անում փետրվարի 1–ից բոյկոտել ուղեվարձի թանկացումը՝ 100 դրամ վճարել և իջնել։