AM
31 January 2025 - 13:31 AMT

Փոխքաղաքապետ․ Անսահմանափակ ուղևորությունների փաթեթը քաղաքացուն ցույց կտա, որ կարելի է, շարժակազմերը փոխելով, ավելի արագ հասնել

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ 30-օրյա օգտագործման լրացուցիչ ժամկետը կգործի մինչև փետրվարի 28-ը՝ ներառելով նաև այն փաթեթները, որոնք ձեռք են բերվել, սակայն ուշ են ակտիվացվել։ Նրա խոսքով, այս որոշման հիմքում ֆինանսական դրդապատճառներ չկան, այլ նպատակն է քաղաքացիներին առավել սահուն ներգրավել միասնական տոմսային համակարգի մեջ, հայտնում է Radar.am-ը։

«Երբ մարդիկ իրենց փորձով հասկանում են, թե որն է միասնական տոմսային համակարգի տրամաբանությունը, իրենց համար ավելի պարզ կլինի, քան մեր հազարավոր ելույթներն ու հարցազրույցները»,-ասել է նա։

Նրա կարծիքով, անսահմանափակ ուղևորությունների փաթեթի առկայության դեպքում քաղաքացիներն ավելի արագ կընդունեն այն գաղափարը, որ պետք չէ սպասել մեկ շարժակազմի, այլ կարելի է փոխել դրանք՝ ավելի արագ հասնելու համար, առանց յուրաքանչյուր առանձին ուղևորության համար վճարելու։

«Մեկ ուղևորություն, մեկ վճարում տրամաբանությունը պետք է կոտրենք, որ հասկանալի լինի՝ ինչի մասին է միասնական տոմսային համակարգի տրամաբանությունը»,–ասել է նա։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով հանրային տրանսպորտում մեկ ուղևորության սակագինը սահմանվել է 150 դրամ։ Նախատեսվում է նաև ներդնել միասնական տոմսային համակարգի փաթեթներ, որոնք կգործեն նոր պայմաններով։