AM
1 February 2025 - 08:43 AMT

«Փաստերի ստուգման հարթակ». Հայկ Մարությանի հայտարարությունը մանիպուլյատիվ է

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ուղևորատոմսերի համար առաջարկվող արժեքները և պարզել է, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը մանիպուլյատիվ է ու չի համապատասխանում իրականությանը։

Մարությանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Երևանում փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, ասել էր, որ դա նշանակում է, որ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները հետքայլ են անում:

«Բայց եկեք չմոռանանք, ինչից էր ամեն ինչ սկսվել: Իսկ սկսվեց նրանից, որ նրանք հայտարարեցին, որ 1 ուղևորության դիմաց՝ 300 դրամ: Հիմա հայտարարում են 150 դրամ»,–ասել էր Մարությանը։

Ըստ «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրության, նախկին քաղաքապետի պնդումները սխալ են և մանիպուլյատիվ։

«Իրականում, քաղաքային իշխանությունը 300 դրամ արժողությամբ ուղևորատոմս առաջարկում է 3 ուղևորության համար, որի ներկայիս 90 րոպե օգտագործման ժամկետը Երևանի ավագանու փետրվարի 11-ի հերթական նիստի ժամանակ առաջարկվելու է փոփոխել և դարձնել 180 րոպե:

Ուղևորատոմսերից այս տարբերակի մասին Երևանի քաղաքապետը ասել էր, որ 300 դրամանոց տոմսով քաղաքացին կարող է մի քանի տրանսպորտից օգտվել մոտ մեկ ու կես ժամում, քանի որ բարեփոխումների շրջանակում տրանսպորտային գծերի քանակը նվազելու է։

«Դու կրկնակի չես վճարում, եթե ավտոբուս ես փոխում, էականորեն մեր գծերի քանակը նվազում է: Երևան քաղաքում մենք մոտավորապես 40-45 ուղղություն ենք ունենալու, որով երթևեկելու են մեր տրանսպորտային միջոցները»,- 2024-ի նոյեմբերի 4-ին հայտարարել էր Ավինյանը։

Մեկ ուղղության համար 150 դրամ արժեքով ուղետոմսը առաջարկվող տարբերակների մեջ նոր է լինելու։ Բացի այդ, քաղաքային իշխանությունները հունվար–փետրվար ամիսների համար գնված կամ գնվող մեկամսյա փաթեթի ժամկետը նախատեսում են երկարացնել՝ 30 օրվա փոխարեն դարձնելով 60 օր»,–ասվում է ուսումնասիրության մեջ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։

Երևանի բնակիչները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։ Բոյկոտին են միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: