Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը։ Ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամները բարձրանում են ավտոբուսներ և կոչ անում 150 դրամ ուղեվարձի փոխարեն վճարել 100 դրամ և իջնել։
«Ես 100 դրամից ավելի տվող չեմ։ Ընտանիքումս 7 հոգի օգտվում է տրանսպորտից։ Ես նստելու եմ ու տամ 100 դրամ, չեմ կարող չտալ, ամոթ է, բայց դրանից ավելի չեմ տա։ Չի լինի, ոտքով կգնամ»,- ասել է բողոքող քաղաքացիներից մեկը, հայտնում է Panorama.am-ը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհդրակցության ժամանակ հայտարարել է, որ Երևանի տրանսպորտի միասնական տոմսային համակարգից վերադարձ դեպի 100 դրամների համակարգ անհնար է, հայտնում է Sputnik Արմենիան։
«100 դրամի համակարգում մենք ունեցել ենք մոտ 30 տարի աշխատող տրանսպորտ և տեսել ենք դրա որակը։ Երևան քաղաքում շարունակաբար զարգացող հանրային տրանսպորտի համար մեզ պետք են նոր միջոցներ և նոր վճարման մոդելները, որոնք իրականացվել են։ Երևանցիները դա հասկացել և ընդհանուր առմամբ աջակցում են»,– նշել է նա։
Ավինյանն ընդդիմության քայլերը որակել է որպես «քաղաքական շոու»։ Նա հավելել է, որ այդ ուժերն իրենց կոնկրետ նպատակներն ունեն, հայտնում էAuroranews.am –ը։
«Իմ գնահատմամբ՝ հիմնական նպատակը ոչ թե գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, ինչն էլ բացարձակապես ձախողվեց»,–ասել է նա։
Ավինյանը շնորհակալություն է հայտնել վարորդներին՝ համբերատարության համար։
Նա նշել է, որ «տարատեսակ քաղաքական շոուներն» իրենց ավարտը պետք է ունենան, «դրանց վերջը պետք է տալ, բայց շատ հանգիստ, զսպված՝ ընդդիմախոսների հետ մաքսիմալ հարգանքով, բացատրելով ու հասկացնելով»։
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ նոր տոմսային համակարգի ներդրումից հետո ստացվել են դիմումներ՝ քարտային կրկնակի գանձումների վերաբերյալ, հայտնում է ՍիվիլՆեթ–ը։
Նրա խոսքով՝ նման դեպքեր հնարավոր են այն իրավիճակներում, երբ քարտով վճարում է իրականացվել, սակայն հաշվի միջոցները բավարար չեն եղել, և գումարը գանձվել է ավելի ուշ՝ հաշվի համալրումից հետո։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։