AM
3 February 2025 - 08:25 AMT

Մետրոյում քաղաքացին քաշել է արգելակման բռնակը՝ կանգնեցնելով գնացքը. 5 անձ ձերբակալվել է

Փետրվարի 1–ի երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել Երևանի մետրոյում՝ քաղաքացին ներսից քաշել է արգելակման բռնակը՝ կանգնեցնելով գնացքը։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհդրակցության ժամանակ հայտնել է Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։

Այդ ընթացքում 4-5 հոգի դրսից ներկել է վագոնը, հայտնում է ՍիվիլՆեթ-ը։

«Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքը արտակարգ կանգառ է կատարել։ Քաղաքացիներից մեկը ներսից միացրել է արգելակման ազդանշանը։ Մինչև մեքենավարը զեկուցել է դրա մասին, 4-5 հոգի պատից անցել են և փորձել են ներկել գնացքները»,- ասել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շտկել է՝ որ ոչ թե փորձել են, այլ ներկել են։

Քրեական գործ է հարուցվել, տվյալ անձինք ձերբակալվել են։

Իրավապահները պարզել են, որ միջադեպի մասնակիցները օտարերկրյա քաղաքացիներ են։

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը փետրվարի 1-ին, ժամը 21:32-ին, ահազանգ է ստացել, որ «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջև գտնվող բաց տարածքում դիմակավորված անձինք ներկ են փչում մետրոյի վագոնների վրա։

Քիչ անց հաղորդվել է, որ նույն անձինք քարեր են նետել գնացքի ուղղությամբ՝ խոչընդոտելով դրա շարժը։ Դեպքի վայր հասած իրավապահները պարզել են, որ նրանք նախ գործի են դրել գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգնելուց հետո մագլցելով անցել են միջանկյալ հատվածի պատը, մոտեցել գնացքին ու ներկելով վնասել վագոնները, որոնք լի են եղել ուղևորներով։

Իրավապահները պարզել են, որ միջադեպի մասնակիցները օտարերկրյա քաղաքացիներ են։

Մետրոպոլիտենի համայնքային ոստիկանության աշխատակիցները, հիմնվելով օպերատիվ տվյալների վրա, Ազգային անվտանգության ծառայության և Նոյեմբերյանի համայնքային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ գործողության արդյունքում, Բագրատաշենի սահմանային անցակետում ձերբակալել են 5 օտարերկրացու, որոնք փորձել են հատել Հայաստանի սահմանը։

Ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։