AM
3 February 2025 - 12:38 AMT

Երևանի օդում չտարբերակված փոշու ծավալը հունվարին սահմանային թույլատրելի ցուցանիշը գերացանցել է առավելագույնը 2 անգամ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկումների համաձայն՝ Երևանի օդում չտարբերակված փոշու ծավալը հունվար ամսին սահմանային թույլատրելի ցուցանիշը գերացանցել է առավելագույնը 2 անգամ։ Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանը նախատեսում է միջոցներ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ մեծ ծավալի օդի որակի չափման սարքեր են տեղադրվել, և պարզվել է, որ տարբեր գործոններով պայմանավորված, շատ դեպքերում՝ ոչ մարդածին գործոններով պայմանավորված՝ ունենք օդի որակի հետ կապված խնդիր: Բայց կան նաև մարդածին գործոններով պայմանավորված խնդիրներ: Ավինյանը կարծում է՝ պետք է երկու ուղղությամբ էլ գործուն քայլեր ձեռնարկել:

«Երևանի քաղաքապետարանի անելիքներն այս գործում չպետք է սահմանափակվեն միայն Երևանի քաղաքապետարանի լիազորություններով և, հետևապես, սա պետք է դառնա մեզ համար առաջնային խնդիրներից մեկը»,–ասել է նա։

Ավինյանը նշել է, որ կան նաև մարդածին գործոններ։

«Այն, ինչը մեր գործընկերների հետ մենք կարող ենք իրականացնել, մենք այդ ուղղությամբ պետք է գործուն քայլեր ձեռնարկենք: Մենք նաև ընդհանրապես մեր կանաչապատման քաղաքականությունում պետք է էական փոփոխություններ իրականացնենք դեպի մշտադալար ծառատեսակներ, որոնք կանաչ են լինում նաև ձմռան ամիսներին և որոշակիորեն իրենց մասնաբաժինն ունեն օդի որակի բարելավման առումով»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 161 կայաններից 2025թ. հունվար ամսին ստացված տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 149, իսկ PM10-ի համար՝ 104։ Այդ արժեքները գտնվում են զգայուն խմբերի համար անառողջ (100-150) միջակայքում։ Այս սարքերն, ի դեպ, տեղադրված են շինհրապարակներում և չեն ծառայում օդի ֆոնային աղտոտվածության տվյալների ներկայացմանը: