AM
4 February 2025 - 06:42 AMT

Փաստաբանները փետրվարի 10–ին բողոքի ակցիա կիրականացնեն

Փաստաբանները բողոքի ակցիա կիրականացնեն։ Այդ մասին հայտարարություն է տարածել Փաստաբանների պալատը։

Նրանք մտահոգված են նոր հարկային փոփոխություններով և պահանջում են դրանց վերանայում։ Փետրվարի 3-ին Փաստաբանների ակումբի նիստի ընթացքում քննարկվել են 2025–ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի հետևանքները։

Նիստի ընթացքում ներկայացվել են վերջին շրջանում իրականացված քայլերը, այդ թվում՝ մոտ 1200 փաստաբանի ստորագրած հանրագրի ներկայացումը կառավարություն՝ փաստաբանական ծառայությունները, ինչպես նաև անվճար (անհատույց) ու կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը ԱԱՀ-ից ազատելու պահանջով, ինչպես նաև 31 պատգամավորի դիմումը Սահմանադրական դատարան՝ վիճարկելու գործող հարկային օրենսգրքի փաստաբանությանը վերաբերող դրույթների սահմանադրականությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ օրենքի կիրառումը առաջացնում է մի շարք խնդիրներ, այդ թվում՝

-բացասաբար է անդրադառնում խախտված իրավունքների պաշտպանության վրա,

-անհնար է դարձնում անվճար իրավաբանական օգնության տրամադրումը փաստաբանական կազմակերպությունների կողմից,

-զգալիորեն ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով դրանց հասանելիությունը,

-լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում փաստաբանական համայնքի համար,

-քաղաքացիների համար փաստաբանական ծառայությունների արժեքն ավելացնում է 20%-ով՝ ստեղծելով խտրական պայմաններ,

-լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, պահանջում է հաշվապահական ծախսեր,

-բարդացնում է նորաստեղծ փաստաբանական գրասենյակների գործունեությունը՝ հարկային բեռի պատճառով,

-փաստաբանների նկատմամբ ստեղծում է անհավասար պայմաններ՝ համեմատած տնտեսության այլ ոլորտների հետ։

Նիստի արդյունքում որոշվել է փետրվարի 10-ին կազմակերպել բողոքի ակցիա՝ հրաժարվելով պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում և նախաքննության մարմիններում, պաշտպանություն և ներկայացուցչություն իրականացնելուց։ Փաստաբանները պահանջում են, որ ՀՀ կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա և Ազգային ժողով ուղարկի օրենքի նախագիծ՝ փաստաբանական ծառայություններն ԱԱՀ-ից ազատելու վերաբերյալ։

Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատում նախատեսվում է մամուլի ասուլիս, ինչպես նաև ակումբի քննարկում՝ հետագա քայլերի վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ակումբը անկախ հարթակ է, որը նախատեսված է փաստաբանների նախաձեռնությունների քննարկման համար, և բողոքի ակցիային մասնակցությունը կլինի կամավոր։