AM
4 February 2025 - 09:25 AMT

Նախագիծ․ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին պետբյուջեից կրթաթոշակի տրամադրումը կդադարեցվի

Արդարադատության նախարարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրներին այլևս չի տրամադրվի կրթաթոշակ պետական բյուջեից։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի միասնական հարթակում:

Նախագծով առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու և դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները։

Նշվում է, որ դա թույլ կտա պետական բյուջեի միջոցների օգտագործումը դարձնել ավելի թիրախային և հիմնավորված և տնտեսված միջոցները օգտագործել Ակադմիայի կարիքների բավարարման և կարողությունների զարգացման համար:

Ըստ գործող կարգի՝ մեծաթիվ են դեպքերը, երբ ունկնդիրը, Ակադեմիայում մասնագիտական ուսուցման ընթացքում, շարունակում է իր աշխատանքային պարտականությունների կատարումը՝ գործատուի հետ համաձայնեցված կարգով, և միաժամանակ պետական բյուջեից ստանում է կրթաթոշակ: Այնինչ, կրթաթոշակի նպատակը կրած ծախսերը փոխհատուցելը պետք է լիներ, այլ ոչ՝ լրացուցիչ դրամական օժանդակությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խնայել պետական բյուջեի միջոցները՝ դրանք ուղղելով ակադեմիայի զարգացմանն ու կարողությունների բարելավմանը։