AM
4 February 2025 - 11:34 AMT

Ձմեռային զորակոչի հիմնական բողոքները վերաբերում են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Անդրանիկ Եղոյանը «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ նշել է, որ ձմեռային զորակոչի հիմնական բողոքները կրկնել են նախորդ տարիների խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին։

Նրա խոսքով՝ ստացված բողոքների գերակշիռ մասն առնչվել է հետազոտությունների ընթացքին և կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացություններին։ Բացի այդ, դժգոհություններ են եղել նաև ուղեգրերի տրամադրման հարցում, հայտնում է Panorama.am-ը։

«Զորակոչիկները, նրանց ծնողները երբեմն բողոքներ են ներկայացնում, որ առողջական կոնկրետ խնդիրների կապակցությամբ զորակոչիկներին ուղեգրեր չեն տրամադրվում, կամ տրամադրվում են խնդիրների մի մասով միայն։ Այս զորակոչին դիմումներ ենք ստացել այլընտրանքային զինվորական ծառայության, եղբայրներին միևնույն զորամաս ծառայության հետ կապված հարցերով»,- մանրամասնել է Եղոյանը։

Նա հավելել է, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը զորակոչի ընթացքում իրենց գրասենյակ է ստացվել 50-ից ավելի գրավոր և բանավոր բողոք, որոնք ներառել են նաև խորհրդատվության հետ կապված հարցեր։

Զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտացած փաստաբան Հայարփի Սարգսյանն ընդգծել է, որ մի շարք խնդիրներ կապված են հենց բժշկական հաստատությունների հետ։

«Թեև ուղեգրերով գնում են, հետազոտվում են, այնուամենայնիվ, այդ հետազոտությունների արդյունքում ունենում ենք այնպիսի պատկեր, որ թեկուզ սահմանափակումով ուղարկվում են զորամաս, հետագայում փորձաքննության հարց է առաջանում, տեսնում ենք, որ զինվորն իրականում ի սկզբանե չպետք է գնար ծառայության։ Այդպիսի դեպքերը քիչ չեն»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ քաղաքացիական հիվանդանոցները հաճախ վերապահումով են մոտենում զինվորական ոլորտից ուղեգրված անձանց հետազոտելուն և չեն ցանկանում լիարժեք արձանագրել նրանց առողջական վիճակը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության ոլորտի քաղաքականության մասնագետ Անուշ Պետրոսյանն ընդգծել է, որ ամենակարևոր ու ակնառու խնդիրը, որ ունեցել են այս զորակոչի ժամանակ, կապված է եղել զորակոչիկների՝ սեփական միջոցներով հետազոտություններ անցնելու հետ։

«Բուժհաստատությունները երբեմն հղում են կատարում առողջապահության նախարարության՝ գոյություն չունեցող հրամանին՝ նշելով, որ տվյալ հրամանի առկայության պայմաններում իրենք իրավասություն չունեն զորակոչիկներին սեփական միջոցներով, առանց զինկոմիսարիատի ուղեգրման, որևէ հետազոտման ենթարկել, որը, բնականաբար, խտրական վերաբերմունք է զորակոչիկների նկատմամբ»,- նշել է նա։