Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,–ասվում է գրառման մեջ։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել է, որ այս գործողությունները տեղի են ունեցել կոմիտեում քննվող վարույթի շրջանակում, հայտնում է «Լուրերը»։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հրապարակվում։
«Լուրերին» հաջողվել է պարզել, որ ձերբակալվածները քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են։