Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում։ ՆԳՆ-ի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, հայտնում է Արմենպրեսը։
Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ ՀՀ–ում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն դիմել են բազմաթիվ ջավախահայեր՝ բարձրաձայնելով իրավիճակը։
Ըստ պատգամավորի՝ շատ ջավախահայեր վերջին տարիներին երկքաղաքացիություն են ստացել, սակայն Հայաստան մուտք են գործում վրացական անձնագրով և վարորդական վկայականով։ՀՀ պարեկային ծառայությունն այս դեպքերում նրանց տուգանում է՝ գործող օրենսդրության պահանջներից ելնելով։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշել է, որ խնդիրն իրենց հայտնի է։
«Այս պահին ՆԳՆ-ի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում»,-ասել է Սարգսյանը։