Հունվարի 27-ից փետրվարի 2-ը ընկած ժամանակահատվածում, Հայաստանում պահպանվել է սուր շնչառական վարակներով (ՇՇՎ) պայմանավորված ակտիվության բարձր մակարդակը։ ՇՇՎ-ով հիվանդների 74.7%-ը երեխաներ են՝ 0-18 տարեկան տարիքային խմբից։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման հաստատություններ են դիմել 9105 պացիենտ՝ կապված ՇՇՎ-ների հետ։ Հիվանդացության ցուցանիշը կազմել է 307․3, ինչը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1․1 անգամ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ևս արձանագրվել է 1․1 անգամ ավելի ցածր մակարդակ։
Նույն ժամանակահատվածում թոքաբորբով առողջության առաջնային պահպանման հաստատություններ է դիմել 1022 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Մեկ շաբաթում թոքաբորբի պատճառով հոսպիտալացվել է 578 պացիենտ, որոնցից 67.4%-ը՝ երեխաներ։ Նախորդ շաբաթվա 584 հոսպիտալացումների համեմատ ցուցանիշը գրեթե անփոփոխ է։
Թոքաբորբի ընդհանուր դեպքերի 67.9%-ը կազմում են 0-18 տարեկանները։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում ՇՇՎ-ներով հոսպիտալացվել է 863 պացիենտ, որոնց 92.8%-ը 0-18 տարեկաններն են։ Նախորդ շաբաթվա 932-ի համեմատ այս ցուցանիշը նվազել է 1․1 անգամ։