Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի քանի հոդվածներով, հայտնում է Արմենպրեսը։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել է, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն), 335-րդ հոդվածի 3-րդ մասի (հանցավոր կազմակերպության կողմից հրազենի, դրա հիմնական բաղադրիչ մասերի, ռազմամթերքի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։
Մերձավանում հնչած կրակոցներից մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Այդ մասին լուրը հաստատել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, հայտնում է 1Lurer.am-ը։
«Մերձավանում միջադեպ է եղել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կան 1 զոհ, 1 վիրավոր: Այս պահին միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասել է Սարգսյանը: