AM
5 February 2025 - 13:16 AMT

Գալջյան․ Տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ է սահմանվել բացառապես քաղաքացիների բողոքների հիման վրա

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, արձագանքելով ընդդիմադիրների պնդումներին, որ ուղեվարձի 150 դրամ է սահմանվել իրենց ջանքերի արդյունքում, հայտարարել է, որ «որոշումը կայացվել է բացառապես քաղաքացիների առաջարկների և բողոքների հիման վրա»։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նաև հրապարակել է հունվարի 31-ին կայացած ավագանու նիստի քվեարկության արդյունքները։

«Քանի որ ընդդիմադիր ավագանու անդամները հայտարարում են, թե իբր իրենց պայքարի շնորհիվ է մեկ ուղևորության սակագինը դարձել 150 դրամ, հրապարակում եմ հունվարի 31-ի ավագանու նիստի քվեարկության արդյունքները։

Ո՛չ «Ազգային առաջընթաց», ո՛չ էլ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները չեն քվեարկել այդ նախագծի օգտին։ Ընդհակառակը, նրանք հրահրել են վեճ, բոյկոտել նիստը և փորձել են տապալել այն։ Ընդդիմադիր ուժերից միայն «Հանրային ձայն» խմբակցության անդամներն են մասնակցել քվեարկությանը։

Որոշումը կայացվել է բացառապես քաղաքացիների առաջարկների և բողոքների հիման վրա»,–ասվում է գրառման մեջ։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: