AM
5 February 2025 - 14:05 AMT

Դեմոյանը՝ Եղիշե Կիրակոսյանին. Կարող եք հայտարարել, որ իշխանությունները ձեզ իրավական թրաֆիքինգի են ենթարկել

Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ հորդորելով արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո, որը վերաբերում է Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում ներկայացրած հայցադիմումները հետ վերցնելու հնարավորությանը։

Նա հավելել է, որ Կիրակոսյանը 2 գործողություն կարող է անել։

«Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ինչ որ պայմանների դիմաց հետ վերցնել Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցադիմումները: Դրանից հետո երկու գործողություն կարող եք անել`

ա. կամ հայտարարում եք, որ իշխանությունները Ձեզ իրավական թրաֆիքինգի են ենթարկել ու առուծախի առարկա են դարձրել, ուստի հրաժարվում եք հետայսու ներկայացնել Հայաստանը միջազգային դատարաններում, կամ շարունակում եք պետբյուջեի հաշվին մեկնել Եվրոպա` ի սկզբանե վաճառքի հանված այդ հայցադիմումները սպասարկելու համար, այսպիսով վատնելով հարկատուների գումարները:

բ. Ի նշան բողոքի դուրս եք գալիս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմից, որպես իրավաբան քաջ գիտակցելով, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի` Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը կասկածի տակ դնող ժխտողական հայտարարությունները քրեորեն պատժելի են Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով:

Հակառակ պարագայում, ես շարունակաբար հիշատակելու եմ ծանր հանցագործությունների այն շարքը, որում որպես հանցակիցներ մեղադրվում են ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թվում` Դուք, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և իր որոշումով այդ Խորհուրդը ստեղծած Նիկոլ Փաշինյանը»։

Փաշինյանը Վաշինգտոնում, խոսելով խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 2 կետի մասին, ասել է, որ դրանցի մեկը իրավական կառույցներում միմյանց դեմ բողոքների չեղակումն է։

«Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում»,–ասել է նա։