AM
5 February 2025 - 15:00 AMT

Թորոսյան․ Մեր նախկին գործընկեր Մարուքյանը վերջերս ակտիվորեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է գովազդում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, արձագանքելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, նշել է, որ Մարուքյանը վերջին շրջանում ակտիվորեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է գովազդում։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա հիշեցրել է, որ ստորագրումից շատ չանցած մյուս երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսեցին խախտել այդ փաստաթուղթը:

«Շատերը նկատած կլինեն, որ մեր նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանը վերջին շրջանում ակտիվորեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է գովազդում ու առաջխաղացնում, ու ես, թեև զարմանքս կորցնելու եզրին եմ մեր քաղաքական համակարգում հնչած որոշ մտքերի ու կոչերի հանդեպ, բայց կրկին անկեղծորեն զարմանում եմ։

Պարոն Մարուքյանն ասում է, որ պետք է պահանջենք այդ փաստաթղթի կետերի կատարում՝ հավանաբար մոռանալով, որ այդ փաստաթղթի ստորագրման պահից ինչքան ուժ ունեինք, հենց դա էինք անում, բայց իրականությունը եղավ հակառակը։

Ստորագրումից շատ չանցած մյուս երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը սկսեցին խախտել այդ փաստաթուղթը։ Զարմանալ կարելի է, թե ինչպես կարելի է այսքանը չհիշել։

Ինչպե՞ս կարելի է մոռանալ Խծաբերդը, Փառուխը, Լաչինի միջանցքի բլոկադան, գերիներին հետ չտալը, թե՞ լավ էլ ամեն ինչ նա հիշում է, բայց այլ օրակարգ է առաջ տանում։

Իսկ կարո՞ղ է ռուսական զորքերի վերադարձն ու ռուսական վերահսկողության տակ միջանցքն է այդ օրակարգը։ Չէ չէ, չեմ պնդում, որ պարոն Մարուքյանը մեզ կրկին ռուսական լծի տակ է ուզում վերադարձնել ու մեր սուվերեն տարածքից զիջումներ անել նրանց, պարզապես բարձրաձայն մտածում եմ։ Երբեք չէի մտածի, որ հայտնի «երրորդ ճանապարհը» դա մեր սուվերեն տարածքից զիջված միջանցքն է»,– գրել է Թորոսյանը։

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցության պահանջին, գրել է, որ «անարգել ճանապարհի» պարտավորությունը ծնվել է ԼՂ–ի լինելով՝ եթե չկա Արցախը, չկա նաև դրանից բխող պարտավորությունը։

«Արդեն 1 տարուց ավելի է` մեսրոպատառ հայերենով բացատրում եմ, որ պետք է վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ ձևաչափին և պահանջել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձն Արցախ։ Ասում եմ՝ պահանջեք ՌԴ խաղաղապահների վերադարձն ու անվտանգության ապահովումն Արցախում, պահանջեք Լաչինի միջանցքն այնպես, ինչպես կար մինչև դրա բլոկադան, ու պաշտոնապես հայտարարեք, որ ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից այս կետերի կատարումը պարտավորվելու դեպքում մենք կապահովենք 9-րդ կետը այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ»,–գրել է նա։