AM
6 February 2025 - 08:43 AMT

2025-ի ամառվանից բռնարարների նկատմամբ կկիրառվեն էլեկտրոնային հսկողության միջոցներ

2025 թվականի ամառվանից կկիրառվեն էլեկտրոնային ձեռնաշղթաներ, որոնցով ոստիկանությունն առավել հստակ կարձանագրի ընտանեկան բռնությանը՝ պարզելով արդյոք բռնարարը խախտում է արգելքն ու մոտենում իր կողմից բռնության ենթարկվածին։ Այդ մասին հայտնել է Համայնքային ոստիկանության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, տեղեկացնում է ՍիվիլՆեթը։

Նա ներկայացրել է Հայաստանում ընտանեկան բռնության ընդհանուր իրավիճակը և ոստիկանության կողմից ձեռնարկվող քայլերը։

Ընտանեկան բռնության դեպքերի վերջին վեց տարվա վիճակագրությունը փաստում է, որ վերջին երկու տարում դրանքաճել են։ Սակայն, ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ դա դրական ցուցանիշ է, քանի որ մարդիկ սկսել են ավելի շատ բարձրաձայնել ընտանեկան բռնության մասին։

Կա տարբերություն ամբողջ հանարպետության ու մարզերի վերլուծության առումով. օրինակ, 2024 թվականի վերլուծությամբ Գեղարքունիքի մարզում ընտանեկան բռնության դեպքերի լատենտայնությունն ավելի բարձր է եղել։

«Լատենտայնության բարձր լինելը պայմանավորված է նախ կարծրատիպերով, դրանից բխող հանրային անտարբերությամբ, այսինքն մարդիկ իմանում են և համարում են դա նորմալ. այստեղ մենք շատ աշխատանք ունենք կատարելու մեր գործընկերների հետ, պետք է ակտիվացնենք համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, տեղական լրատվական ծառայության հետ, նաև կատարենք իրազեկման մեծ միջոցառումներ», – ասել է Էդգար Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Արարատի մարզում էլ ավելի շատ են դեպքեր արձանագրվել և այստեղ էլ արդեն կարող է մեծանալ բռնության դեպքի կրկնության վտանգը և որոշակի աշխատանքներ այս ուղղությամբ պետք է տանեն։

Լատենտայնության նվազեցման նպատակով ոստիկանությունը նախատեսում է այս տարվա գարնանը գործարկել SafeYou հավելվածը, որի միջոցով քաղաքացիները կկարողանան անանուն տարբերակով հայտնել բռնության դեպքերի մասին։

«Այդտեղ կա նաև անանուն չատ, որի միջոցով մարդիկ կարող են շփվել և հայտնել տեղեկություններ տեղի ունեցող բռնությունների մասին, եթե չեն ցանկանում իրենց անհատական տվյալները հրապարակել, մինչև իրազեկմամբ ադեն որոշակի արդյունքի կհասնենք։ Այսինքն համատեղելու ենք և իրազեկումը, և այսպես ասած անանուն դիմելու հնարավորությունը»,-ասել է Պետրոսյանը։

Սակայն, անկախ նոր ներդրված մեխանիզմներից, ոստիկանության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնում դասական ընտանեկան բռնության դեպքերի կրկնելիության վերաբերյալ՝ ընդգծելով, որ նման իրավիճակներում բռնարարներից շատերը, երբ զրկվում են զոհին հասանելի լինելու հնարավորությունից, երբեմն դիմում են ինքնասպանության։

«Ամբողջ աշխարհում կա այդ խնդիրը. բռնարարը կամ բռնություն գործադրող անձը որպես մարդկանց տեսակ այլ է, սովորական կոնֆլիկտի հետ սա չպետք է շփոթել, այն բավականին լուրջ աշխատանք է պահանջում», – հավելել է Պետրոսյանը։