Քաջարանում փետրվարի 5–ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով 3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և փոխանցվել է նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։
Ավելի վաղ ոստիկանությունում տեղեկություն էր ստացվել, որ Քաջարանի Պոչամբար կոչվող թաղամասում ծեծկռտուք է եղել: 8 մարդ բերման էր ենթարկվել:
Քննչական կոմիտեից փոխանցել են, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի գործադուլ անող աշխատակիցներից Վահե Մխիթարյանն ասել է, որ միջադեպը գործադուլի հետ կապ չունի: