«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը, նշել է, որ այդ թեմայով տեղեկատվական ագրեսիվ քարոզչությունն ու մանիպուլյացիաները շարունակվում են։
«Գազելն» ավտոբուսով փոխարինելը չի կարող թանկացնել ուղեվարձը,–նշել է նա։
Նա հավելել է, որ այն հայտարարությունները, թե «Գազելի փուլն անցյալում է» անկեղծ չեն, և հիշեցրել, որ քաղաքային իշխանությունները մտադիր են 2025-ին ձեռք բերել 100 «Գազել սիթի» մակնիշի տրանսպորտային միջոց։
«Ինչպե՞ս է ստացվում, որ մեր քաղաքացիները նկատում են 100 MAN-երը, բայց չեն նկատում 100 «Գազել»-ները։ Պատճառն այն է, որ ոչ թե չեն ցանկանում նկատել, այլ որ «գազելների» տարողունակությունը էականորեն ցածր է»,-նշել է նա։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: