Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»,- գրել է նա։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: