AM
8 February 2025 - 11:28 AMT

Ստեփանավանում հրդեհից 1 մարդ մահացել է․ Տուժածների կարիքները գույքագրվում են

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքում բռնկված հրդեհի հետևանքով 1 անձ մահացել է, 6 բնակիչ էլ դիմել է բուժօգնության։ Տեղեկությունը Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հրդեհը բռնկվել է գիշերը` ժամը 04։42-ի սահմաններում։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են։

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքները:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով օպերատիվ կերպով իրականացվում են անհրաժեշտ բոլոր աշխատանքները։ Տարհանված բնակիչների համար հյուրանոցում ստեղծվել են կեցության համար անհրաժեշտ պայմաններ, ներկա պահին իրականացվում է կարիքների գնահատում՝ անհրաժեշտ սննդի, հիգիենիայի պարագաների և հագուստների բաշխման համար:

Իրականացվող բոլոր աշխատանքները գտվում են հսկողության ներքո«–ասվում է Լոռու մարզպետարանի հաղորդագրության մեջ։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ասել է, որ տուժածներին արդեն տրամադրվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ, հայտնում է «Հայկական ժամանակը»։

«Այս պահին քննարկվում է հրդեհի հետևանքով անօթևան դարձած բնակիչներին կացարաններով ապահովելու հարցը, նաև հստակեցվում է նրանց թիվը: Նրանց տրամադրում ենք առաջին անհրաժեշտության պարագաներ»,- ասել է մարզպետը:

«Հնարավոր է քննարկենք վարձով բնականաների հարցը: Կառավարությունն ամբողջությամբ կաջակցի փոխհատուցման հարցում»,- ասել է Ղազարյանը

Հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում` մոտ 450 քմ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Սկզբում դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության էր մեկնել ևս 4 մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։