AM
8 February 2025 - 11:29 AMT

ՔԿ․ Ավտոբուսի կողային ապակին կոտրած քաղաքացին ձերբակալվել է

Թիվ 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որոշում է կայացվել խուլիգանություն և գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելու մասին»,- մանրամասնել է նա։

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին: Միջադեպը տեղի է ունեցել ժամը 21։05-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։