Նորվեգիա կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։
Հանդիպման ընթացքում Միրզոյանը Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։
Պարգևատրման արարողության ժամանակ նախարարը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս շքանշանը։ Սա նշան է և վկայություն մեր ժողովրդավարության մեջ և նաև մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում Ձեր ներդրման ճանաչման։ Շնորհավորում եմ»։
Ի պատասխան՝ Յագլանդն ասել է. «Մեծ պատիվ է, մեծ հաճույք է ստանալ այս շքանշանը»։
Այնուհետև նա պատմել է, թե ինչպես առաջին անգամ առնչվել հայի և Հայաստանի հետ, երբ Նորվեգիայի արտգործնախարարի պաշտոնն էր զբաղեցնում։ Նրա խոսքով՝ Ռամալլահ կատարած այցի ընթացքում հանդիպել է մի տարեց հոգևորականի, որը պահել է «Նանսենի անձնագիրը»՝ նշելով, որ այն փրկել է իր կյանքը։
«Դա էր պատճառներից մեկը, թե ինչու ես առաջին անգամ այդքան կապվեցի Հայաստանի հետ, կարծում եմ։ Եվ ես ուրախ եմ, որ մենք կարողացանք ինչ-որ բան անել Եվրոպայի խորհրդի կողմից, նախ՝ երբ դուք միացաք Եվրոպայի խորհրդին։ Ես այն ժամանակ այնտեղ չէի, բայց հետագայում մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ և նոր պրակտիկա ստեղծելու, և այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար։ Եվ ես շատ ուրախ եմ տեսնել, և մենք նաև, կարծում եմ, մեծ ներդրում ունեցանք խորհրդարանական հանրապետությանն անցման գործում, որն այժմ դուք ունեք։ Այսպիսով, ես իսկապես խորապես շոյված եմ, և շատ շնորհակալ եմ։ Հայաստանը միշտ իմ սրտում կլինի»,–ասել է նա։
Հանդիպմանն Արարատ Միրզոյանը և Թյորնբորն Յագլանդը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։