«Ժոնգ Թոնգ» և «ՄԱՆ» ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին՝ օրվա պլանավորումն ավելի արդյունավետ դարձնելու համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Պարզապես բացեք «Յանդեքս Գո» հավելվածը, ընտրեք տրանսպորտի բաժինը, նշեք ձեր ուղղությունը, և համակարգը ցույց կտա՝ որ ավտոբուսներով հասնել, երբ դրանք կլինեն ձեր կանգառում ու երթևեկության տևողությունը«–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այժմ «Յանդեքս» քարտեզներում հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, և շուտով ամբողջացվելու է։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: