AM
11 February 2025 - 11:34 AMT

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետկառույցների տեսանկարահանող սարքերին

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական և համայնքային կառույցների տեսանկարահանող սարքերին։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ տեսահսկողության առկայությունը հանրային վայրերում էականորեն նվազեցնում է հանցագործությունների թիվը, հայտնում է Արմենպրեսը։

«Ներկայում, օրինակ, Երևանում տեղի ունեցած հանցագործությունների և իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերությունների աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման և ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցության»,-ասել է պատգամավորը։

Նրա համոզմամբ՝առաջարկվող նախագծի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման, նախականխման, կանխման, հայտնաբերման ու բացահայտման կապակցությամբ խնայել հսկայական ժամանակ՝ ապահովելով գործընթացի օպերատիվությունը:

«Օրենսդրական նախաձեռնության ընդունման դեպքում ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, ավտոկայանատեղերից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջել և ստանալ տեսագրություններ, ունենալ հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսանկարահանման համակարգերին: Պահանջվող տեսահսկման համակարգերին հասանելիությունը պետք է ներառի տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութի դիտման հնարավորություն, առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի տեսանյութի հոսքի ստացման և պահպանման հնարավորություն»,-նշել է Հայկ Սարգսյանը։

Բացի այդ, Ներքին գործերի նախարարությունը հնարավորություն կունենա տվյալների մշակում իրականացնելու՝ իրավախախտումների կանխման և հայտնաբերման, հանցագործությունների անմիջական կասկածների դեպքում արագ արձագանքման, հետախուզվող անձանց ու գույքի հայտնաբերման, հասարակական կարգի պահպանման, երթևեկության անվտանգության ապահովման և այլ նպատակներով։ Ոստիկանության մուտքը տեսահսկման համակարգերին կիրականացվի Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման ՊՈԱԿ-ի միջոցով՝ 24/7 ռեժիմով։