AM
11 February 2025 - 12:15 AMT

Վարդևանյան․ Այս վարույթով Քոչարյանը, Խաչատուրովը, Օհանյանը չեն կարող ներկայացվել իբրև մեղադրյալներ

Փետրվարի 11-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվել է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ անձանց դատական նիստը։

Նիստի մեկնարկին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ այս վարույթով Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չեն կարող ներկայացվել իբրև մեղադրյալ, հայտնում է Iravaban.net-ը։

«Այս ամենը ներկայացնում եմ հենց դատարանի գործողությունների տեսանկյունից»,–ասել է նա։

Նա հղում է կատարել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներին՝ պնդելով, որ մեղադրյալի կարգավիճակը ենթադրում է քրեական հետապնդման առկայություն, որը նախկինում արդեն հարուցվել է։ Վարդևանյանը նշել է, որ «քրեական հետապնդման հարուցում հասկացությունն այն է, որ դատախազի կողմից կա անձի ենթադրյալ հանցավոր արարքը նկարագրող և դրա իրավական գնահատականը պարունակող որոշումը»։

Պաշտպանը փաստել է, որ նախկինում դատախազության որոշումներով այս գործով քրեական հետապնդման հարցն արդեն քննարկվել է, ինչն էլ, իր խոսքով, պետք է հաշվի առնվի ընթացիկ դատավարության շրջանակում։

Դատախազությունը Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրել Մարտի 1-ի գործի շրջանակում՝ նրան մեղադրելով պաշտոնեական լիազորությունների անցնելուն օժանդակելու մեջ։

Ավելի վաղ, դատախազը Մարտի 1–ի գործով նոր մեղադրանքներ էր ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Վերջիններս իրենց մեղքը չեն ընդունել՝ հայտարարելով, որ նրանց դեմ հարուցված հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, ինչի արդյունքում դատարանը արդարացրել էր նրանց։Վճռաբեկ դատարանն արդարացման որոշումը բեկանել է, գործն՝ ուղարկել Հակակոռուպցիոն դատարան` նոր քննության: