Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ հասարակական տրանսպորտի գների բարձրացման դեմ տարվող պայքարը որոշակի արդյունքներ է տալիս, քանի որ իշխանությունները ստիպված են եղել զիջումների գնալ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ միասնական պայքարը արդյունք է տալիս, ուստի բոյկոտը շարունակվում է։
«Տրանսպորտի թանկացման դեմ մեր ընդվզման արդյունքում իշխանությունները ստիպված եղան վերջին շրջանում զիջումների գնալ ու մեղմացնել թանկացման ալիքը։ Նրանք մեկ տոմսի համար 300-ի փոխարեն արդեն 150 դրամ են պահանջում, իսկ մյուս փաթեթներում նույնպես զիջումների գնացին:
Ամեն դեպքում, ձեզ հետ միասին մենք պահանջում ենք մեկ ուղևորության համար սահմանել 100 դրամ գինը»,–գրել է նա։
Նա նշել է, որ Աավագանու նիստում քննարկվել է իրենց նախագիծը, որը ներկայացվել է 80, 000 ստորագրություններով, սակայն, ըստ Մարությանի, «ինչպես և սպասելի էր, ՔՊ-ն ու նրա հաճախորդ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ քվեարկեցին նախագծին»։
«Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ մեր միասնական պայքարը արդյունք է տալիս` ուստի, բոյկոտը շարունակվում է։ Այս պահին հավաքագրումները շատ քիչ են, ինչը ստիպելու է քաղաքային իշխանությանը հերթական անգամ ընկրկել»,–նշել է նա։
Մարությանը հավելել է, որ սա տևական պայքար է, որը վստահաբար վերջնական հաջողություն է ունենալու։
Փետրվարի 11–ին Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։
Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: