Մերձավանում տեղի ունեցած զինված միջադեպի գործով հետախուզվող երեք անձանցից մեկը համարվում է սպանության անմիջական մասնակից։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
«3 անձանցից մեկը սպանություն կատարած անձանց թվում է: Վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ որոշումներ են կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ»,– հայտնել է Ավդալյանը։
Ինչ վերաբերում է դեպքի վայրում կիրառված զենքերին, ապա նախնական տվյալներով՝ օգտագործվել են մեկ ինքնաձիգ և մեկ ատրճանակ։ Հանցագործության գործիք ինքնաձիգը դեռևս չի հայտնաբերվել։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանություն)։
Փետրվարի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում, Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղում հնչել են կրակոցներ։ Զինված հարձակում է տեղի ունեցել վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով մահացել է Ախտոյանի հորաքրոջ որդին, իսկ նրանց ընկերը վիրավորվել է։ ՀԺ-ն, հղում անելով Ախտոյանի եղբորը, հայտնել էր, որ նրանք փորձել են միջամտել, որպեսզի զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։