AM
12 February 2025 - 08:16 AMT

Բագրատ սրբազանը՝ Սիմոնյանի խոսքերի մասին․ Վաղն էլ կարող են դառնալ ձեզ և ասել՝ պետք էր կռվել՝ մոռանալով «իրենց ձեռքի սև գործը»

Սրբազան պայքարի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն արձագանքել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարություններին, որոնք առնչվում են Արցախին և արցախցիներին։

Նա «ցինիզմի գագաթնակետ» է որակել նրա հայտարարությունը և խոսել քաղաքական բարոյականության բացակայության մասին, որը «մեր կյանքում սովորական է դառնում»։

Սիմոնյանը, պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել է․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։

«Եվ այս մարդիկ հայտնվել են իշխանության ղեկին, մեր կյանքերը սրանց է վստահված: Վաղն էլ կարող են դառնալ ձեզ և ասել՝ պետք էր կռվել՝ մոռանալով, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք, Տավուշի գյուղերի հանձնումը իրենց ձեռքի սև գործն է և դեռ շարունակում են անել դա, Քարվաճառը և Արցախի մնացած հատվածները իրենք ստորագրությամբ են հանձնել՝ հանձնել են առանց կռվելու:

Եվ եթե կռվողների մասին խոսում է, առաջին հերթին թող ասի, թե իրենք որտեղ էին գտնվում ամբողջ պատերազմի ժամանակ՝ կռվելու ո՞ր ոլորտում, ո՞ր մասում, ո՞ր տիրույթում, ո՞ր բնագծում էին գտնվում այդ «կռվողները»: Հենց ինքը՝ կռվելու մասին խոսողը»,- ասել է նա։

Սրբազանը շեշտել է, որ այս հայտարարություններով իշխանությունները փորձում են արդարացնել Ադրբեջանի ագրեսիան և էթնիկ զտումների փաստը, որի մասին խոսել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գագաթաժողովում կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, ու «նույն իսկ ժամին հերքում, ժխտում ստացել իրենց վարչապետի արտահայտություններով՝ միևնույն ժամանակ փորձելով արդարացնել Բաքվի բանտերում պատանդառված և գերեվարված մեր հայրենակիցների բռնաճնշումների փաստը»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշել է, որ ի պատասխան կարելի է բերել պայքարի բազմաթիվ փաստեր, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ:

Ընթերցեք նաև․ Բեգլարյան․ ՀՀ ԱԺ նախագահը հերթական անգամ թքեց՝ կրկին բոլորիս երեսին