ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանից դեպի Եվրոպա անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք, հայտնում է ԱԱԾ-ն։
Պարզվել է, որ Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ-ն և նույն ընկերության աշխատակից Ե.Խ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շահադիտական նպատակով՝ 3300 եվրո գումարի դիմաց, օտարերկրյա պետություն մուտքի և օտարերկրյա պետությունում գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթուղթ և կեղծ տեղեկություն ներկայացնելով, կազմակերպել են Տավուշի մարզի բնակչուհի Ս.Թ-ի անօրինական միգրացիան:
Իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ստացված փաստական նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ուղարկվել է առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում։
Միևնույն ժամանակ, հանցանքի կատարման կասկածի հիմքով Ա.Դ.-ն և Ե.Խ.-ն ձերբակալվել են և ներկայացվել նախաքննական մարմին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 457-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակում Ե.Խ.-ն կալանավորվել է, իսկ Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։
Բացի այդ, քրեական վարույթով կալանավորված անձանց բնակարաններում և աշխատավայրում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են ծննդյան վկայականների, անձնագրերի, բանկային փոխանցումների քաղվածքների պատճեններ, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, կնիքներ, ինչպես նաև տարբեր անձանցից ստացված գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր։
Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։