ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնությանը, կարծիք է հայտնել, որ օրինագծի նախաբանը հակասում է Անկախության հռչակագրին։
«Աբսուրդը հասել է այնտեղ, որ կառավարությունը եզրակացություն է տալիս, որտեղ ասում է՝ առաջարկում ենք հանել նախաբանը։ Էդ նախաբանը բովանդակության մեջ նաև հակասում է Անկախության հռչակագրին։ ՀՀ անկախության հռչակագիրը նույն նպատակներն ամրագրել է, որ հասանելի կլինի ՀՀ անկախության միջոցով։ Նույն նպատակները բերել, ասում եք, որ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը ստորադասելով՝ կհասնենք այդ նպատակին։ Դուք ստեղ սկի բան չունե՞ք ասելու»,–ասել է նա, հայտնում է «Առավոտը»։
Նա ընդգծել է, որ օրինագիծը չի առնչվում ոչ առևտրի բարելավման, ոչ էլ Հայաստանի քաղաքացիների՝ եվրոպական երկրներ ազատ մուտքի ու ելքի հնարավորությանը։
«Չի քննարկվում այսօր Եվրոպայի հետ առևտրի ավելի լավ ռեժիմ ունենալու հարցը, այս նախագիծը բացարձակապես դրա հետ կապ չունի։ Այս նախագիծը կապ չունի ՀՀ-ի քաղաքացիների՝ եվրոպական երկրներ ազատ մուտքի և ելքի հետ, այդ ամենը կա, հնարավորությունը տրված է CEPA-ով, որը այս իշխանությունը չի կատարում»,- հայտարարել է նա։
Մինասյանը օրինագիծը որակել է որպես իրավական ծաղր և նշել, որ այն հերթական կեղծ օրակարգն է, որով փորձ է արվում ներկայացնել, թե երկիրը շարժվում է դեպի լուսավոր ապագա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, նշել է, որ այն չի ենթադրում որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների խզում, գրում է Արմենպրեսը։
«Մենք այս նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք։ Մենք շարունակում ենք տարածաշրջանային գործունեությունը և շարունակում ենք կարգավորել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, կարգավորում ենք և նոր օրակարգ ենք ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում։ Եվ այս նախագիծը մեզ որևէ տեղ չի տանում կամ որևէ մեկից չի պոկում»,- ասել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությանը չի համապատասխանում ԵՄ-ի ներսում գործող գործընթացներին, գրում է «Առավոտը»։
Նա նշել է, որ այս նախաձեռնության նպատակը, ըստ էության, հիմնված է կեղծ սպասելիքների վրա։ Պատգամավորի դիտարկմամբ՝ ստեղծվում է տպավորություն, թե Հայաստանը, մտնելով այս գործընթացի մեջ, ինքն իրեն համոզում է, որ այն բերելու է բացառապես դրական արդյունքներ։
«Նպատակը, որը բոլորի մոտ վարդագույն երազներ է առաջացնում, հանգեցնելու է լրջագույն խնդիրների։ Մենք, ըստ էության, տարբեր կառույցների հետ մինչև հիմա ունեցած և-և-ը փոխարինում ենք կամ-կամ-ով։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու։ ՀՀ-ն կամ-կամ-ի պրոցես իր առաջ դնելու շռայլություն չունի, երբ կամ-կամ-ի կողմերը լրջագույն կոնֆլիկտի մեջ են՝ պատերազմական վիճակի մեջ»,- նշել է Ռուստամյանը։
Խոսելով եվրոպական արժեքներին ինտեգրվելու մասին՝ Ռուստամյանը հիշեցրել է, որ Հայաստանը դեռևս չի իրականացրել ԵՄ-ի հետ կնքված CEPA համաձայնագրի մեծ մասը։
«CEPA-ի 40 տոկոսն էլ չենք արել, բա ինտեգրվե՞նք եվրոպական արժեքներին։ Ո՞վ է մեզ խանգարում»,- հավելել է պատգամավորը։
Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է քննարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագիծը ներկայացվել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից, որը սահմանված ժամկետում հավաքել է Ազգային ժողովին օրենսդրական առաջարկ ներկայացնելու համար պահանջվող ստորագրությունները։ Հունվարի 9-ին այս օրինագիծը քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում, ինչից հետո այն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը։