AM
12 February 2025 - 09:40 AMT

Քրոնիկ հիվանդություններով մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների համար

Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Ռիսկի բարձր խմբում ներառվում են այն անձինք, ովքեր ունեն սրտի, թոքերի կամ երիկամների քրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ, ինչպես նաև տարեցներն ու իմունային անբավարարություն ունեցողները։

Գրիպի հիմնական ախտանիշներն են՝ գլխացավ, մկանացավեր, ջերմության կտրուկ բարձրացում, կոկորդի ցավ, չոր հազ։ Որոշ դեպքերում հնարավոր են նաև լուծ և փսխումներ։

Տարեցների և իմունային անբավարարություն ունեցող անձանց մոտ գրիպի ախտանիշները կարող են արտահայտվել ոչ բնորոշ ձևով՝ գիտակցության խանգարումներով կամ քրոնիկ հիվանդության սրացմամբ, առանց ջերմության բարձրացման։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար կարևոր է, քանի որ այն՝ նվազեցնում է գրիպով վարակվելու հավանականությունը, կանխում է քրոնիկ հիվանդությունների սրացումը, նվազեցնում է հոսպիտալացման անհրաժեշտությունը։

«Եթե ունեք քրոնիկ հիվանդություն և նկատում եք սուր շնչառական վարակի նշաններ, անհապաղ դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին։ Ուշացած կամ ինքնաբուժման հետևանքով բարդացած դեպքերը կարող են ծանր հետևանքներ ունենալ»,–ասվում է հաղորդագրության մեջ։